ԱԺ ընտրություններում չպետք է առաջնորդվել ծանոթ-բարեկամով. Արմեն Ռուստամյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ՀՀԿ ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի տանը ծեծի էր ենթարկվել ՀՅԴ համակիր:

Պատգամավորը նշեց, որ չի ուզում միջամտել այդ գործին, քանի որ ոստիկանությունն է զբաղվում դրանով, և այն ընթացքի մեջ է: Նա չցանկացավ որևէ մանրամաս հաղորդել, որպեզի չազդի քննվող գործի վրա: Ռուստամյանը չբացառեց, որ համագյուղացիները կարող են վեճ ունենալ, և խնդիրն այն է, որ հարցը չքաղաքականացվի, չդիտվի, որ դա պայքար է` ընտրությունների հետ կապված: Պատգամավորի կարծիքով` ռեյտինգային ընտրակարգը «դատարկ ձայն»-ի տեղ չի թողել, որովհետև փոքր Հայաստանում  1600 թեկնածու պայքարի մեջ է մտել` ծանոթ, բարեկամ, գերդաստան կապերով:

«Կոչ կանեի մեր ժողովրդին, որ դուրս գան հետամնաց ասիական ոճից և չառաջնորդվեն  խնամի-բարեկամական կապերով կարևոր համապետական ընտրություններում: Բարեկամական կապերը լավ են կնունք, ծնունդ, հարսանիքի ժամանակ, բայց պետության համար կարևոր հարցրերում չպետք է նման կապերով առաջնորդվել: Երբ մարդու հարազատը հիվանդ է լինում, նրան չեն տանում մոտիկ բարեկամի մոտ, այլ տանում են ամենալավ բժշկի մոտ: Պետականաշինությունն ավելի մեծ մասնագիտական ու բարդ ունակություններ է պահանջում, քան նույն բժշկությունն ու կոշկակարությունը: Քանի դեռ այս գիտակցությանը չենք հասել, երկար ճանապարհ պետք է անցնենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481