Քվեն լավություն անելու և վաճառելու ապրանք չէ, դա յուրաքանչյուրիս ապագան է

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքի, հնարավոր արդյունքների և հետագա անելիքների մասին www.bekum.am-ը հարցազրույց է խնդրել Հայ Հեղափոխական դաշնակցության անդամ, նույն կուսակցության տարածքային ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արթուր Եղիազարյանից:

Պարոն Եղիազարյան, Դուք հայտնի դաշնակցական եք, ունեք հստակ գաղափարական ուղղվածություն և դիրքորոշում մեր երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերի վերաբերյալ: «Հայ Հեղափախական դաշնակցություն» կուսակցության թե համամասնական ցուցակով և թե ընտրատարածքային վարկանիշային  ցանկով, որպես պատգամավորի թեկնածու, մասնակցելու եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նոր սահմանադրությամբ ու նոր ընտրական օրենսգրքով սահմանվել են խաղի նոր կանոններ։ Արդարացվա՞ծ են, արդյոք, այն ակնկալիքները, թե, այնուամենայնիվ, հնարավոր է անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, որի արդյունքները կարտացոլեն հասարակության իրական տրամադրությունները։

- Հայտնին չգիտեմ, բայց այո՛, գաղափարական համոզմունքս կայուն է, ինչպես նաև, լավ իմանալով երկրի առաջ ծառացած խնդիրները՝ ունեմ հստակ դիրքորոշում դրանց հանդեպ և պատկերացում՝ լուծման ուղիների վերաբերյալ: Ընտրություններին էլ մասնակցելու եմ, քանի որ տարիների մեջ ձեռք եմ բերել մեծ կենսափորձ, գիտելիքներ, օրենսդրական դաշտի հետ աշխատելու մասնագիտական կարողություն, վստահություն, հետևաբար սխալ կլիներ, որ այն ի սպաս չդնեմ այն հանրությանը ծառայելուն, որի մի անդամն էլ ես եմ: Դա նույնն է, որ կրթվես, գիտելիք ու փորձառություն ձեռք բերես որպես ուսուցիչ, բայց չցանկանաս աշխատել դպրոցում: Տարիներ շարունակ դիտելով, թե ինչպես է վարկաբեկվում պատգամավորի աշխատանքը՝ ոչ պրոֆեսիոնալիզմի ու այն ոչ նպատակային զբաղեցնելու արդյունքում, հասկանում ես, որ իրավունք չունես կողքից նայել: Անբնական և սխալ է, երբ օրենսդրական նախագծերն ավելի շատ ծնունդ են առնում գործադիր մարմնում, քան ի պաշտոնե դրա համար կյանքի կոչված խորհրդարանում: Ժամանակն է, որ խորհրդարանում գերակշռեն մարդիկ, ովքեր պատգամավորի մանդատ ձեռք բերելն ընկալում են որպես ծանր պարտականությունների ստանձնում, բայց այդ աշխատանքից չվախեցող: Պատգամավորի նոր, բայց, ըստ էության, անվանը համապատասխանող տեսակի գործունեությունը կարող է բավականին հաղթահարել հանրության այն հուսախաբությունն ու հավատի կորուստը, որը կուտակվել է տարիների ընթացքում:

Նոր սահմանադրությամբ ու նոր ընտրական օրենսգրքով դրվում է նոր սկիզբ: Սրանում կասկած չունեմ: Ավելին՝ համոզմունք ունեմ: Ինչպես որ համոզմունք ունեմ, որ խնձորենու տնկուց խնձորենի է աճելու և բերք է տալու: Չնայած գիտեմ, որ մինչև մեծանա՝ շատ խնամք և օրնիբուն աշխատանք է պահանջվելու, հնարավոր են անկանխատեսելի երաշտներ, ցրտահարություններ և այլ խոչընդոտներ: Բայց դրանից համոզմունքս չի փոխվում ակնկալվող արդյունքի վերաբերյալ: Վերադառնալով նոր սահմանադրությամբ ու նոր ընտրական օրենսգրքով սպասվելիք ակնկալիքներին, նշեմ, որ այս հանգրվանի համար՝ ոչ ամբողջական: Դաշնակցությունն իր ամբողջական պատկերացումն ուներ հնարավոր իրագործելի փոփոխությունների վերաբերյալ, բայց հաշվի առնելով, որ իշխող հեգեմոն դերակատարումն այս փուլում մեզ չէր վերապահված, հաշվի առնելով այն առավելագույն ազդեցությունը, որ կարողացանք ունենալ իշխող քաղաքական ուժի հետ երկխոսելով, բանակցելով և քննարկելով՝ ապահովեցինք այն գործընթացը, որը հանգեցրեց համակարգային փոփոխության՝ դե ֆակտո միահեծան նախագահական, դե յուրե՝ կիսանախագահական հանրապետությունից անցում կատարելով խորհրդարանական կառավարման: Այո՛, ընտրական նոր օրենսգրքով բավականին լուրջ փոփոխություններ են ամրագրվել, որոնք պետք է նպաստեն շատ ավելի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելուն: Հատկապես տեխնիկական լուծումներում: Բայց ընտրության ելքը միայն քվեարկության օրը կազմակերպվող որակյալ ընտրական գործընթացով չի պայմանավորվում, այլ ավելի՝ նախընտրական շրջանում քաղաքական ուժերի քաղաքական հասունությունից ու հանրության բարձր քաղաքացիական գիտակցությունից: Նոր ընտրական օրենսգրքով ամրագրված ամենամեծ թերությունն էլ այս տիպի «ռեյտինգային» համամասնականն է, որն իրական վարկանիշային արդյունք, կարծում եմ, չի ապահովում, քանի որ սահմանափակվում է լոկալ ընտրատարածքներով: Իսկ սա իջեցնում է քաղաքական այս բարձրագույն ընտրության որակական ցուցիչը՝ հնարավորություն ընձեռելով ոչ քաղաքական ու ֆինանսական միջոցներ ունեցող անհատներին՝ կրկին թափանցել խորհրդարան, ինչպես նաև՝ պայքարը գաղափարականից իջեցնելով «Իմ խաթր» ձայն հավաքելու թաղային մակարդակի: Ի հարկե՝ ոչ այն քանակով, ինչ կարող էին անել նախկինում առկա մեծամասնական ընտրակարգի պարագայում: Ճիշտ կլիներ, որ ընդհանրապես ռեյտինգային մրցակցություն չլիներ, այլ պայքարն ընթանար քաղաքական ուժերի միջև՝ բացառապես ծրագրերով ու ընդհանուր ներկայացուցչական ցանկով: Իսկ եթե ռեյտինգային, ապա՝ բացառապես համապետական մակարդակով՝ Մեղրիից Նոյեմբերյան: Այս դեպքում, ողջ հանրապետությունում հայտնի նորմալ անձիք ավելի մեծ հնարավորություն կունենային ամեն տեղ թեկուզ և քիչ-քիչ, բայց ընդհանրացրած՝ շատ ձայն հավաքել, իսկ բացառապես ֆինանսական հնարավորությանն ապավինած անձիք չէին կարող և չէին ցանկանա ողջ երկրով մեկ այդքան միջոցներ վատնել պատգամավորի մանդատի համար: Որպես դաշնակցական՝ կշարունակեմ պայքարել, մինչև որ այս ընտրակարգը դառնա անբիծ համամասնական, ինչպես որ պատկերացրել ենք ու համոզված ենք եղել անցած 26-27 տարիներին:

Ըստ Ձեզ, քաղաքական օրակարգի ո՞ր հարցերն են գտնվում հասարակության և քաղաքական վերնախավի ուշադրության կենտրոնում։ Արդյո՞ք համադրելի են նրանց պատկերացումները դրանց վերաբերյալ։

Կարծում եմ, որ գրեթե բոլոր առաջնային օրակարգային հարցերը: Սկսած աղքատության հաղթահարումից, գործազրկության կրճատումից մինչև Արցախի հիմնահարց: Բոլորն էլ խնդիրները տեսնում են, կույր է պետք լինել՝ չտեսնելու համար: Հետևաբար,  հասարակության և քաղաքական վերնախավի պատկերացումները, հարցերն ընկալելու առումով, համադրելի են, բայց լուծման ուղիների, լուծման հասնելու ժամկետների առումով՝ ոչ: Մի կողմից՝ իշխանություններն ավելի լավ են տեսնում խնդիրների խորությունը, ընկալում դրանց լուծման անհրաժեշտությունը, բայց մինչ այժմ ձևավորված իշխանությունները, սերտաճած լինելով օլիգարխիայի հետ՝ փորձում են հնարավորինս պահել իրենց անհատական-խմբային շահերը ու դրանից դուրս փոփոխություններ իրականացնել (քանի որ հասկանում են, որ այլևս անհնար է ամեն ինչ անփոփոխ թողել), բայց այդպես իրականում անհնարին է, քանի որ անհաջող կարկատանի պես բան է ստացվում, իսկ մյուս կողմից՝ հոգնած, հիասթափված ու հոռետեսությամբ լցված հանրության մեծ շերտերն են, որոնք ավելի նվազ են տիրապետում առկա խնդիրների խորությանը, բայց օր առաջ ուզում են տեսնել լիարժեք ու կատարյալ դրական արդյունք, որի հետևանքով դեռևս գերակշռում է անհավատությունը՝ սկսված փոփոխությունների հանդեպ: Կարծում եմ՝ սկսված փոփոխություններով դրված նոր սկզբի՝ հենց առաջին տեսանելի ու հանրության համար շոշափելի արդյունքների ստացումով այս ամենը կմեղմվի: Իմ լավատեսությունից ու սկսված աշխատանքից չշեղվելու պայմանից ելնելով՝ կարծում եմ առաջիկա տարիներին դա կզգացվի:

Ո՞վ է թելադրում այսօր քաղաքական օրակարգը՝ իշխանությունը՞, թե՞ ընդդիմությունը։ Որո՞նք են այն հակաքայլերը,որ կարող են օգտագործվել միմյանց դեմ։

Միանշանակ իշխանությունը: Այսօրվա իրականության մեջ, ինչպես կյանքը ցույց տվեց, իշխանափոխություն կարող է միայն ներսից լինել: Ընդդիմադիր լինելու մինչ այժմ եղած բոլոր ձևերը սպառել են կամ անիրագործելի: Ճամարտակելով չի: Նոր սահմանդրությունը բերում է նոր իրավիճակ: Այն հզորացնելու է ընդդիմությանը: Միաժամանակ դարձնելու է երկրի համար պատասխանատու: Հայհոյախառը ընդդիմադիր վիճակից անցում է կատարվելու երկրի համար պատասխանատու ընդդիմության: Կարճ ասեմ. ընդդիմությունը պետք է դառնա իշխանության իմունային համակարգը: Դրա չգոյությունն էլ հենց ներկա վիճակի պատճառներից մեկն է, եթե չասեմ ամենագլխավորը:

ՀՅԴ-ն երկար տարիներ եղել է ընդդիմություն և առանցքային դերակատարություն է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում: Ըստ էության, այսօր հանդիսանալով իշխանության մաս, ի՞նչ եք կարծում, կուսակցությունն ավելի շատ կորցրե՞լ է, թե շահել: Արդյո՞ք իշխանության մաս լինելը չի ազդել Ձեր վարկանիշի վրա:

ՀՅԴ-ն հիմա էլ առանցքային դերակատարում ունի Հայաստանի կյանքում: Ցույց տվեք մի քաղաքական ուժ, որ կարողացել է անել այնքան, որքան արել է ՀՅԴ-ն՝ ունենալով Հայաստանում ոչ մեծ քաղաքական կշիռ՝ հանձին խորհրդարանական տեղերի: Ակնառու օրինակը վերջին սահմանադրական փոփոխություններն են, որի արդյունքում, ինչպես ցույց տվեց անցած 26 տարին, չարիք դարձած միահեծան նախագահական համակարգից ազատվելը:  ՀՅԴ-ի համար ինքնանպատակ չի իշխանություն կամ ընդդիմություն լինելը: Մենք քայլում ենք նրանց հետ, ովքեր մեզ հետ ունեն ճանապարհ անցնելու՝ լինի իշխող ուժ, թե ընդդիմադիր: Լինելով հավասարակշիռ քաղաքական ուժ՝ չենք զբաղվել ամբոխահաճությամբ՝ հայհոյաբերան կեղծ ընդդիմադիր խաղալով, այստեղից էլ ոմանց սխալ պատկերացումը ՀՅԴ-ի վերաբերյալ կամ ոմանց շահարկումները մեր հասցեին: Մշտապես փորձել ենք ազդել իշխանության վրա՝ խնդիրները փաստարկված ցույց տալով, միևնույն ժամանակ՝ առաջարկելով դրանց լուծումները: Ու երբ իշխանություններն առնչվեցին լրջագույն մարտահրավերների՝ հիշեցին, որ մենք դա վաղուց ու պարբերաբար ասում էինք, նախազգուշացնում: Այդ պահից էլ սկսվեց համագործակցությունը, երբ սկսեցին անդրադառնալ մեր նշած լուծման ուղիներին: Ու շատ հարցերում (ոչ բոլոր) նույն ուղեգծի վրա կանգնելով՝ ձեռք բերեցինք քաղաքական համագործակցություն: ՀՅԴ-ն երբեք իշխանության հետ չի առնչվել հետնամուտքերից, քաղաքական ուղիների վերաբերյալ ինչ ասել ու արել է՝ եղել է բաց ու թափանցիկ: Կարող եք անցած ժամանակը արխիվային ճանապարհով ստուգել:

ՀՅԴ-ն կորցնելու և շահելու խնդիր չունի: Ունենք հստակ ու հավասարակշիռ  ծրագիր, անհրաժեշտ քայլերի հետևողական և հաջորդական պատկերացում: Մեր կորցնելն ու շահելը պայմանավորվում է պետության կորցնելով ու շահելով: Եթե ներխմբային շահ դնեինք, ինչպես որոշ մարդ-կուսակցությունների կամ թայֆայակցությունների մոտ է, համոզված եղեք, որ շատերից ավելի պոպուլիզմով կզբաղվեինք, շարքերն էլ ավելի մեծաքանակ կդարձնեինք: Բայց դա չէ էականը: Էականն այն է, որ բերում ենք մի իրավիճակ, որով քաղաքական դաշտը կառողջանա ու հնարավորություն կընձեռվի երկրի մասին մտածող ու սկզբունքային-ծրագրային քաղաքական ուժերին՝ դերակատար դառնալ երկրի ապագայի համար: Սա արդեն մեր հաղթանակներից մեկը կլինի:

Բնականաբար, երբ քննարկվում էր իշխանության հետ քաղաքական համագործակցությունը, այնպես չէ, որ միաձայն էր ընկալվում անգամ կուսակցության ներսում: Բայց լինելով հասուն ու փորձառու ուժ, հանուն երկրի հզորացման մեր տեսլականի, գնացինք ընդառաջ՝ լավ գիտակցելով, որ որոշակի վարկանիշի անկում կունենանք, երբ համագործակցում ես հանրության մի մասի կողմից մերժելի իշխանության հետ: Ուղղակի հասկանում ենք, որ դա է իրերի դասավորությունը երկրում փոխելու միակ ուղին: Այլապես կարող էինք ոմանց պես ոչ կառուցողական ու ամբոխահաճո հայհոյաճառել, այլ ոչ թե ընտրություններից մեկ տարի առաջ իշխող քաղաքական ուժի հետ ճանապարհային քաղաքական համաձայնագիր ստորագրել: ՀՅԴ-ն չէր կարող հետ կանգնել իր իսկ սկսած փոփոխությունների գործընթացից և այսօր էլ, այս նոր համակարգային ընտրությունների երաշխավորող ուժերից մեկն է մնալու, այլապես անմիտ կլինեին սկսված աշխատանքները: ՀՅԴ-ն քաղաքական համագործակցությունը կշարունակի այնքանով, որքանով կպահպանվեն ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ինչ վերաբերում է մեր վարկանիշին, բնականաբար, նրանք, ովքեր խորքային չեն պատկերացնում, թե ինչ աշխատանքներ են տարվում, հնարավոր է ժամանակավոր անկում ունենանք այդ անձանց մոտ: Բայց տեսնում ենք նաև հակառակը, ովքեր ըմբռնել են մեր ձեռնարկած գործընթացների էությունը՝ այդ մասով բարձրացել է մեր վարկանիշը: Այս անցումային պահին չափելի չեն վարկանիշի անկումների ու բարձրացումների տարբերությունները: Մի բան հստակ կարող եմ ասել. Մեր ընտրողը գիտակից քաղաքացիների շրջանակից է: Որքան հանրային գիտակցությունը բարձր կլինի, այնքան նաև մեր վարկանիշը: Թող մեծախոսության պես չհնչի, բայց որքան ընդդիմությունն է իշխանության իմունային համակարգը, առավել այդքան ՀՅԴ-ն՝ համայն հայության քաղաքական կյանքում: Հետևաբար, որքան հզոր ու ներկայացուցչական եղավ ՀՅԴ-ն, այնքան զորավոր կլինի հայ քաղաքական կյանքը: Ու ոչ միայն ներպետական կյանքում:

Հայաստանում անցկացված ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրություններին հետևել են հետընտրական զարգացումներ, որոնք, վերջիվերջո, մարել են՝ հիասթափության եզրին կանգնեցնելով հասարակությանը։ Կտարբերվի՞, արդյոք, առաջիկա ընտրությունները նախորդներից, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞վ։

Միշտ լինելու են ընտրության արդյունքում հաղթողներ ու պարտվողներ: Հետևաբար՝ նաև հիասթափություն ապրողներ: Բայց նոր սահմանադրությունը բացառում է ոչ իշխանական դաշտի լիարժեք պարտությունը: Խորհրդարան անցած ընդդիմությունը ունենալու է լծակներ, կարող եք այն տեսնել Սահմանադրության մեջ: Բոլորիս խնդիրն է, որ այս ընտրությունները արտահայտեն հանրության իրական քվեն, որպեսզի հիասթափություն այլևս չլինի: Կարծում եմ, որ նոր ընտրական օրենսգիրքը հարցերի մեծ մասն այդ հարցում լուծել է: Պարտվողն այս ընտրությունից հետո թող տխրի, բայց չհիասթափվի: Տարբեր բաներ են: Կարևորը զգա, որ պարտվել է ոչ թե կեղծիքի արդյունքում, այլ, որ իր խոսքը հանրությանը լիարժեք չկարողացավ հասցնել: Կարծում եմ, որ այս ընտրություններն այդ առումով շահեկանորեն տարբերվելու են: Այդպես հավատում եմ ու ցանկանում: Ու բոլորս առավելագույնը պետք է անենք այդ ուղղությամբ: Ու եթե ինչ որ բան այն չլինի՝ ուրեմն հետընտրական գործընթացներում պետք է գնահատենք, դուրս բերենք թերությունները ու հաջորդ իսկ վայրկյանից սկսենք ձեռնարկել բացերն ու թերությունները վերացնելու ուղղությամբ: Սա մեր բոլորի երկիրն է, կոտրվելու տեղ չունենք, պիտի շարունակենք պայքարել, մինչև որ կերտենք այն հզոր երկիրը, որտեղ մեր ժառանգներն արժանապատվորեն կապրեն:

Այս ընտրությունների ընթացքում ո՞րն է դաշնակցության՝ հասարակությանն ուղղված հիմնական ուղերձը, ինչո՞ւ պետք է հասարակությունը ձայն տա Ձեզ։

- Դաշնակցությունը այն եզակի ուժերից է, եթե չասեմ եզակին, որ իր ուղուց չի շեղվել, ինքն իրեն չի հակասել, ասել ու արել է այն, ինչ եղել է և՛ ընդդիմության մեջ, և՛ իշխանության մեջ: Դաշնակցությունն իրոք ժողովրդի ծնունդն է, նրա գերակա իղձերի մարմնացումը, այն խորհրդակցական կուսակցություն է, այլ ոչ թե քաղաքական ժամանակավոր պրոյեկտ կամ մարդ-կուսակցություն: Այստեղ կարող եմ շարադրել ողջ նախընտրական ծրագիրը, որը զերծ է պոպուլիզմից, կազմվել է մասնագիտական բարձրորակ հանձնախմբերի կողմից, բայց քանի որ նախընտրական շրջան է՝ հանրությունը ամեն օր կարող է լսել, կարդալ կամ այցելել մեր նախընտրական կայք՝ http://www.votearf2017.am/՝ առավել մանրամասն ծանոթանալու համար:

Դաշնակցությանը պետք է ձայն տալ, քանի որ այն յուրաքանչյուր հայ մարդու կուսակցությունն է, քանի որ այն աշխատավորի-զինվորականի-մտավորականի եռամիասնությունն է՝ բռունցքված մեկ դրոշի ներքո, Դաշնակցությունը, լինելով սոցիալիստական կուսակցություն, ձգտում է իրավասոցիալական հավասարության, և ստեղծված արդյունքների արդար բաշխմանը՝ հասարակության բոլոր անդամների միջև: Վստահելով Դաշնակցությանը՝ քվեարկում ես արտաքին աշխարհում ազգային-պետական շահերը չզիջելու, հայրենիք-սփյուռք ներդաշնակման, երկրի ներսում կայուն զարգացման, համերաշխ հասարակության, հզոր պետության և ազատ քաղաքացու օգտին: Իր 127 ամյա կենսափորձով ու արտաքին աշխարհի հետ տասնամյակներով ձևավորած կապերով՝ միանշանակ իրագործող է: Եվ այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ է միայն մի բան՝ հանրային գերակշռող և յուրաքանչյուր անհատի տված քվեի արդյունքում՝ լինել ներկայացուցչական և հեգեմոն քաղաքական ուժ՝ ապագա ձևավորվելիք իշխանության մեջ: ՀՅԴ-ն Նոր Սկիզբ կդնի: Եվ Հայաստանում վերջապես կհաստատվի Արդարություն:

Դուք առաջադրվել եք մի ընտրատարածքում, որը միշտ հայտնի է եղել այլևայլ ազդեցություններովԱյստեղ միշտհաղթել է իշխանության թեկնածուն՝ տարբեր ազդեցություններ գործադրելովԻնչպե՞ս եք հաղթահարելու այսհանգամանքը:

Պետք է մտածել այսպես. Աշխարհում ոչինչ հավերժ չէ: Այստեղ միշտ չի, որ հաղթելու է իշխանության թեկնածուն: Այո, բարդ ընտրատարածք է, տարիներով ձևավորված նախընտրական՝ նյութական շահագրգռության հիմքի վրա ձևավորված ընտրազանգված կա: Ցավոք, հանրության հենց ամենախոցելի խմբերը:  Ու մինչև իրենք չգիտակցեն, որ հենց իրենց 1 օրվա խնդիրը լուծելու համար չպետք է խորտակեն իրենց ու հարազատների առաջիկա հնգամյա ապագան՝ իրենք այդպես էլ մնալու են անապահով ու խոցելի խավ: Քանի որ իրենց քվեները ստացողը երբեք շահագրգռված չի լինելու նրանց համար ստեղծել արժանապատիվ կայուն կյանք, որպեսզի հեշտ ճանապարհով հաջորդ ընտրություններին կրկին ստանա նրանց քվեն: Արժանապատիվ կյանք կարող է ապահովել բացառապես ժողովրդի քվեով եկած իշխանությունը, ով գնահատում է ստացած յուրաքանչյուր քվե, այլ ոչ թե դիտարկում այն որպես գնման ենթակա ապրանք:  Յուրաքանչյուրը պետք է հիշի, որ քվեն հենց իր կյանքն է: Վաճառեցի՞ր՝ այլևս ձայնազուրկ ես: Ոչ մեկ չպետք է մտածի, որ իր ձայնը ոչինչ չի նշանակում: Եթե չնշանակեր՝ չեն փորձի շահագրգռելով այն հատիկ առ հատիկ գնել կամ ստանալ: Ու երբ այդպես՝ որ իր ձայնը ոչինչ չի նշանակում մտածողները հարյուր հազարներով են կամ միլիոնով, լինում է այն, ինչ եղել է … Ամեն ընտրող պետք է զգա իր քվեի անհատականությունը:

Այս ընտրությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ նախկին 4 ընտրատարածքների հիման վրա ձևավորվել է մեկ մեգաընտրատարածք, որտեղ կա ավելի քան 200.000 ընտրող: Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ամբողջովին միավորվել են 3-րդ ընտրատարածքի մեջ: Սա բարդացնելու է այդ «մշտական ընտրվողների» գործը, քանի որ արդեն քառակի միջոց է պահանջվում՝ նույն արդյունքը ստանալու համար: Բացի դա, հնարավոր է հասարակության մտածողության փոփոխություն: Չհաշված այն, որ նոր ընտրական օրենսգիրքը կարելի է ասել բացառում է տխրահռչակ «կարուսելների» պտույտը: Ամեն պայման ստեղծվել է, որ եթե ընտրողը վախ չունենա իր քվեարկության արդյունքն այլոց կողմից իմանալուց, եթե այլոց խոստումներ չտա կամ իրականացնի, քվեարկի իր խղճով ու մտքով, մտածի իր տված սերնդի ապագայի մասին՝ կունենանք այլ պատկեր: Ու դա մի օր լինելու է: Հուսամ, որ հենց այս ընտրությանը:

Բարդանում է նաև նրանով, որ ընտրությանը մասնակից  9 քաղաքական ուժերը հանդես են գալու ավելի քան 60 ռեյտինգային թեկնածուներով, որի արդյունքում յուրաքանչյուրը որոշակի ձայն է տանելու: Ես փորձելու եմ ընտրողին տեղ հասցնել այն միտքը, որ իր քվեն տա այն քաղաքական ուժին՝ հանձին այդ ուժի վարկանիշային իր կողմից նախընտրելի թեկնածուի, որտեղ կա հավաքական որոշում կայացնելու կարողություն, ինչպես նաև՝ այդ քաղաքական ուժի կազմից ընտրված պատգամավորի անհատականություն: Քվեն լավություն անելու ապրանք չէ, դա յուրաքանչյուրիս ապագան է: Ծանոթ պատգամավորի թեկնածուին կարելի է տուն հրավիրել ու հյուրասիրելով պատվել, ձեռք մեկնել ցանկացած հնարավոր դեպքերում, բայց ոչ քվե վաճառել կամ նվիրաբերել: Քանի որ ներկա քաղաքական ուժերի մեծ մասը անկայուն դաշինքներ են, որոնց միավորել է ոչ թե միասնական իրագործելի ծրագիրը, այլ ընդամենը խորհրդարան հասնելու համար ուժերի մեկտեղումը (կարող եք այս ասածս պահել՝ հետագայում որպես ասածիս ճշմարտացիության ապացույց), իսկ մի մասն էլ մարդ-կուսակցություններ են, որտեղ ձեր քվեն նվիրաբերված ծանոթը ձայնազուրկ է լինելու, քանի որ այդ ուժերում մի մարդ է որոշում կայացնում, հետևաբար շատերն այնտեղ դառնալու են պարզ կոճակ սեղմողներ: Հետևաբար, չի կարելի ուրիշին լավություն անել՝ սեփական ապագան խորտակելու գնով, ինչը նախորդ ընտրություններին տեսանք:

Նախորդ՝ 2012թ. ԱԺ ընտրություններին, առաջին անգամ որպես թեկնածու մասնակցելով,  եղել եմ այսօրվա ընտրատարածքի մի մասը հանդիսացող նախկին 8-րդ ընտրատարածքի (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասը և հինգ տեղամաս՝ Շենգավիթ վարչական շրջանից) ՀՅԴ մեծամասնական թեկնածուն: Բացառապես ինձ վստահած  ժողովրդից ստացած  քվեներով զբաղեցրել եմ երկրորդ հորիզոնականը՝ մեծ տարբերությամբ առաջ անցնելով հանրությանն ավելի հայտնի քաղաքական անձերից և զարմացնելով տեղական «օլիգարխներին»: Իմ օգտին քվեարկողը էլի լինելու է անկաշառ ու գիտակից քաղաքացիների կազմից: Հուսամ, որ այս անգամ էլ ավելի շատ ինձ վստահող կլինի և կհաղթանակենք: Ծանոթ եմ ու անձամբ կրում եմ այն ամենը, ինչ շարքային քաղաքացին և ստանձնելով հայոց խորհրդարանի պատգամավորի  պարտականությունները՝ լավագույնս կփորձեմ ներկայացնել խորհրդարանում իմ ընտրողին, որին կպարտավորվեմ պարբերաբար տեղեկացնել ու հաշվետվություն ներկայացնել իմ գործունեության մասին, ինչպես նաև՝ պարբերաբար ծանոթանալ իրենց կողմից բարձրացվող ու հուզող համապետական խնդիրներին՝ դրանք լուծման ներկայացնելու համար:  Քանի որ ես իրենցից մեկն եմ ու մեկն էլ մնալու եմ: Անցած ապրած ողջ գիտակցական կյանքս՝ վկա:

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481