«Քաղաքական գործչի ուժն իրեն հավատացող եւ իր հետ պայքարող հասարակության մեջ է»

Իշխող  քաղաքական  ուժի` հասարակության  հանդեպ  անպատասխանատվությունը,  քայլերում  և   որոշումներում  արդարության  բացակայությունը հիմնախնդիր  համարող  Սամսոն  Հակոբյանը  վստահ  է,  որ  երկրում  առկա  խնդիրները  լուծելի  կդառնան  այն  ժամանակ,  երբ  քաղաքական  առաջնորդները  գիտակցեն  իրենց  պարտավորությունները  հասարակության առջև  և դրսևորեն  քաղաքական  կամք:

Արաբկիր  վարչական  շրջանում ՀՅԴ  համամասնական ցուցակով ներկայացված թեկնածու,  իրավագետ  Սամսոն  Հակոբյանը, մտահոգ  լինելով  հասարակության  խնդիրներով,  քաղաքական  դաշտն  ու  քաղաքական  գործունեությունը  համարում  է  միակ  իրական  ճանապարհը,  որը  կտանի  այդ  խնդիրների  պատճառների  բացահայտմանն  ու  լուծմանը:

Ինչպես  առօրյա  շփման  ժամանակ,  այնպես  էլ  քաղաքական  գործընթացներում,  առաջնորդվելով  անկեղծությամբ,  արդարացիությամբ  և  վճռականությամբ, նա  երկրում  առկա  բոլոր  խնդիրների  լուծման  համար  կարևորում  է  հասարակության  ակտիվությունը  և   հիասթափության  մթնոլորտի  հաղթահարումը:

Ըստ նրա` քաղաքացին  պետք  է  վստահի  իր  թեկնածուին:  Հարցին,  թե   ինչո՞ւ  պետք  է  հասարակությունը  վստահի  և  գնա  այս  կամ  այն  քաղաքական  գործչի  հետևից,  երբ  քաղաքական  գործիչներն  իրենց  իսկ  քաղաքական  որոշումներով  և  քայլերով  են  ձևավորել  անվստահության  մթնոլորտ,  Հակոբյանը  պատասխանեց. «Այո՛,  որևէ  մեկիս  համար  գաղտնիք  չէ,  որ  հասարակությունն  այսօր  չի  վստահում  քաղաքական  առաջնորդներին: Ու  այս  հարցում  մեղավորներին  գտնելը  բարդ  չէ:  Իշխող  համակարգը  հասավ  նրան,  որ  մարդիկ  կորցրեցին  իրենց  հավատը,  և  դա`  այն  պատճառով,  որ  քաղաքական  գործընթացները  ստվերային  բնույթ  են  կրում,  մինչդեռ  առավել  քան բաց  ու  հասանելի  պետք  է  լինի  քաղաքական  յուրաքանչյուր քննարկում  և  որոշում  հենց  այն  մարդու  համար, ում  համար կայացվում  են  այդ  որոշումները:    Վստահությունը  կվերականգնվի  այն  ժամանակ,  երբ  քաղաքական  գործիչն  անջրպետ չի  ստեղծի  իր  և  հասարակության  միջև,  նա  պետք  է  գնա  դեպի  հասարակությունը,  միշտ  ու  անընդհատ պետք  է  լինեն   անմիջական  քննարկումներ  ու  հանդիպումներ:  Սա   այն  առողջ  մեխանիզմն  է,  որը  չի  գործում  մեր  երկրում:  Մինչդեռ  յուրաքանչյուր  քաղաքական  գործիչ  ուժեղ  է  այն  ժամանակ,  երբ  իր  թիկունքում  ունի իրեն  հավատացող  և  իր  հետ  պայքարող  հասարակություն»:

Այն,  որ  մեր  երկրում  հեշտ  չէ  արդար  և  ժողովրդամետ  գաղափարներն ու  ծրագրերը  առաջ  տանել,  առավել  ևս`  դարձնել  իրագործելի,  Սամսոն  Հակոբյանի  համար  գաղտնիք  չէ: Բայց  նրա համար  գաղտնիք  չէ  նաև  այն,  որ  երբ  կա  պայքարելու  կամք  ու  ուժ,  մեկ  գաղափարի  ծառայող  խելացի  թիմ,  հասարակության  աջակցություն,  հաղթահարելի  է  անգամ  անհաղթահարելի  թվացող  «իշխող  համակարգի  պատը»:

«Ցանկացած  քաղաքական  գործիչ  պետք  է  ամեն  ինչից  վեր  դասի  իր  երկրի  շահը:  Եթե պետական  շահը  պահանջում  է  իշխանության  ու  ընդդիմության  միացում  այս  կամ  այն  հարցի  լուծման  համար,  ուրեմն  պետք  է  համախմբվել:  Եթե  պետք  է  հարաբերություններ  հաստատել  այս  կամ  այն երկրի  հետ,  ինչն ի նպաստ  մեր  երկրի  է,  ապա  պետք  է  մշակել  այդ  հարաբերությունների  ձևավորման ճանապարհը:   Ու  միայն  այս  դեպքում  իշխանությունը  կստանա  հասարակության  վստահությունը,  և  ներկայացված  նախագծերը կստանան  ժողովրդի  աջակցությունը,  այլ  ոչ՝  ճիշտ հակառակը: Իսկ  մենք  գիտենք  այս  խնդիրների  մասին,  կարող  ենք  փոխել  քաղաքականության  ուղղությունը  և  գործում  ենք՝  առաջնորդվելով  հասարակության  շահով»,- ասում է թեկնածուն:

Ըստ նրա` յուրաքանչյուր  քաղաքական  գործչի  համար  հասարակության  վստահությունն  ու  աջակցությունը  առաջնային  պետք  է  լինեն:  Սամսոն  Հակոբյանն իր  համաքաղաքացիներին   կոչ  է  անում  չդադարել  երազել  արժանապատիվ  կյանքի   մասին,  հավատալ,  որ  միայն  գործելով  կստեղծենք  մեր  երազած  երկիրը:

Լուսինե Հակոբյան

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481