Նոր սկզիբը նոր կառավարման համակարգն է. Ռուզաննա Առաքելյան

Երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպեցին ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները: Նրանցից Արթուր Խաչատրյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ Դաշնակցությունը պետք է ստանա քաղաքացիների վստահության քվեն, որովհետև այն ներկայացնում է ամբողջ Սփյուռքը, իր կառույցներով, Հայ դատի հանձնախմբերով:

«Ձայն տալով Դաշնակցությանը, իմացեք, որ դրանով լուծելու եք Արցախի հարցը, որը ամենակարևոր խնդիրն է: Մնացած հարցերը լուծվելու են»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Համամասնական ցուցակում ընդգրկված ՀՅԴ թեկնածու Ռուզաննա Առաքելյանը իր ելույթում անդրադարձավ այս քարոզարշավի ժամանակ ամենաշատ քննարկվող ընտրակաշառք տալ-վերցնելու մասին: Ըստ Ռուզաննա Առաքելյանի, կա մարդկանց մի ստվար զանգված, որը հստակ գիտի, թե ում է ձայն տալու և ինչու է ձայն տալու:

«Այդ մարդկանց երբ հարցնում եմ, թե ինչու են իրենց ձայնը տալու այս կամ այն գաղափարական ուժին, նրանք գիտեն պատասխանը: Ուրախ եմ, որ ինձ հանդիպածների մի մասը, հատկապես մտավորական հատվածը,  ուզում են լինել Դաշնակցության կողքին, դրա համար հպարտ եմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՅԴ կարգախոսին` «Նոր սկիզբ, արդար Հայաստան», Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ ՀՅԴ-ն մաս կազմեց իշխանությանը, որպեսզի լինելով սահմանադրական բարեփոխումների առանցքային հեղինակ, կարողանա դրանք իրականացնել:

«Մենք եկել հասել էինք մի հանգրվանի, երբ կառավարման  նախագահական կամ կիսանախագահական համակարգը սպառել էր իրեն, դառնալով մեկ մարդու կամ մի քանի անձանց իշխանություն: Եվ որպեսզի այդ մթնոլորտը փոխվեր, և նոր սկիզբ դրվեր, փորձեցինք սահմանադրական փոփոխությունների առաջարկ անել, որն ընդունվեց:Սկիզբ դրվեց խորհրդարանական կառավարման ձևին, երբ երկրի պատասխանատուները ոչ թե անձինք են, այլ քաղաքական ուժերը»,- ասաց Ռուզաննա Առաքելյանը` հավելելով, որ քաղաքական ուժերը կայանալով` կարող են փոփոխություններ իրականացնել Հայաստանում:

Դաշնակցությունը ունի լուրջ կենսագրություն, և նա այնպիսի քաղաքական ուժ է, որը կերտում է պատմություն: Այսօր Դաշնակցությունը ևս պատմություն է կերտում, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով ու  ակնկալելով արդար Հայաստան:

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481