Ծուխն առանց կրակի չի լինում. Ռուստամյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ քաղբանտարկյալ լինելու համար պետք է հինգ չափորոշիչի համապատասխանել: Այսօր պատասխանելով լրագրողների հարցին՝ ՕՐՕ դաշինքի համակիր Սամվել Բաբայանի ձերբակալության հիմքում շատերը տեսնում են քաղաքական դրդապատճառ, Դաշնակցությունն ինչպե՞ս է գնահատում նախընտրական շրջանում նման ձերբակալություններն ու իրադարձությունները, հատկապես, որ ՀՅԴ-ն ոչ վաղ անցյալում ունեցել է ձերբակալությունների փորձ, նա ասաց. «Մեզ մոտ շատ ավելի տխուր փորձ է եղել, կուսակցություն է փակվել: Եթե ինչ-որ անձ հանցագործություն է կատարում և եթե կատարել է նախընտրական փուլում, ուրեմն այդ հանցագործության դեմ որևէ քայլ չպե՞տք է կատարվի, նա չպե՞տք է պատժվի: Մերը հստակ քաղաքական էր, որովհետև փակվեց կուսակցությունը: Եթե հանցագործություն է կատարվում, ժամանակահատվածը կապ չունի, պետք է պատժվի, ով էլ լինի»:

Ռուստամյանի խոսքով՝ Սամվել Բաբայանին իրենք ճանաչել են լավագույն հատկանիշներով՝ ազատագրական պայքարի ժամանակ:

«Ցավում եմ, որ նրա անունն այս պատմության մեջ կա, բայց  քանի օրենքով ուժի մեջ մտած դատավճիռ չկա, մենք պարտավոր ենք առաջնորդվել անմեղության կանխավարկածով: Բայց ես չեմ բացառում… Ասում են, որ ծուխն առանց կրակի չի լինում, ինչ-որ մի բան կա, բայց ի՞նչ կա, ես տեղյակ չեմ, քննություն է ընթանում, և քանի քննության տվյալները չկան, դրանց մասին խոսելն անլուրջ է»,- նշեց նա` հավելելով. «Իհարկե, մարդիկ կարող են սա օգտագործել, նախընտրական փուլում շատերն անկապ բաներ են անում, հիմա չեն հրաժարվի դա անելու գայթակղությունից, բայց քաղբանտարկյալ անվանել կամ նման հայտարություններ անել, կարծում եմ, շատ վաղաժամ է. քաղբանտարկյալ լինելու համար հինգ չափանիշ  է պետք»:

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481