Քարոզարշավի հետաքրքիր ինտրիգներից մեկը «ներդրումային բում»-ն էր. Աղվան Վարդանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` ամփոփելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավը: Նրա խոսքով` ընտրարշավն ընդհանուր հետաքիքր էր, մանավանդ ամենաառաջին փուլում:

«Քարոզարշավի ժամանակ տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր արտահայտություններ եղան`«կաշիներդ կքերթեմ», «աչքերդ կհանեմ», «ականջներդ կկտրեմ», «քաղաքական աղբ», «փշաքաղվել»: Կարծում եմ` այս բառապաշարը`մեր քարոզչության մեջ չեք հանդիպի, որովհետև մենք, իբրև ծանրակշիռ քաղաքական կուսակցություն, միշտ փորձել ենք խնդիրների, լուծումների ու առաջնահերթությունների  մասին խոսել և ոչ թե փորձել այլ մեթոդներով ձայն շահել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Դաշինք կար, որի առանցքային դեմքերից մեկն առհասարակ քարոզարշավին չէր մասնակցում, իսկ երկրորդ դեմքին` ՀՀ առաջին նախագահյին ընտրողները տեսան միայն երկու հեռուստատեսային ելույթների ժամանակ:

«Մենք հակաքարոզչություն չենք արել որևէ մեկի հանդեպ, երբեք անձնավորված քաղաքականություն չենք տարել, քարոզչություն չենք արել, և ուղղակի համեմատել ենք առկա քաղաքական ուժերին, փորձել ենք ներկայացնել մեր կատարած աշխատանքը և առավելությունները: Հատկապես մանիպուլյացիներ չենք արել, որովհետև այս քարոզարշավի հետաքրքիր բաղկացուցիչներից մեկն էլ մանիպուլյացիաներն էին` տարբեր մեթոդներով փորձել ընտրողներին ասել, որ մենք միակն ենք, մեզ ձայն տվեք, ուրիշներին մի տվեք: Դաշնակցության մրցակից ուժերի 90 տոկոսը մեր հանդեպ եղել են զուսպ, հավասարակշռված, գիտակցելով, որ եթե չափն անցնեն, ապա կստանան համարժեք պատասխան: Մեկ, երկու դեպք է եղել, երբ հարկադրված պատասխանել ենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Քարոզարշավի հետաքրքիր ինտրիգներից մեկը, ըստ Վարդանյանի, «ներդրումային բում»-ն էր, երբ տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ հանկարծ Հայաստանը դարձրեցին միլիարդների ներդրման վայր: Վարդանյանի խոսքով` Հայաստանը կդառնա ներդրումների համար հուսալի միջավայր, եթե այն փոփոխությունները, որոնք սկսվել են Հայաստանում, իրականություն դառնան, միջավայրը դառնա վստահելի, իշխանությունը դառնա վստահելի, հսկայական փոփոխություններ լինեն հարկային ու մաքսային ոլորտներում, օրենսդրության մեջ:

«Եկեք մտածենք, թե քաղաքական այս ուժերի խճանկարի մեջ ո՞ր կուսակցությունն է, որ իրական հնարավորություն ունի իրական ներդրումներ ապահովել:Եթե անկեղծ լինենք, իհարկե Դաշնակցությունը` իր համահայկական կառույցով, աշխարհի 30-ից ավելի երկրներում իր ներկայությամբ : Այո, մենք միլիարդատերեր չունենք, նման ընկերներ էլ չունենք, և դա երբեք չի եղել Դաշնակցության համար նպատակ, բայց մենք ունենք հարյուր հազարավոր համակիրներ, նրանց մեջ` լրջագույն գործարարներ` աշխարհով մեկ, ովքեր տեսնելով Հայաստանում որակական փոփոխությունները, կարող են իրականա ներդրումներ ապահովել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481