Կային մարդիկ, որ հատուկ եկել էին` սկանդալ սարքելու. Ռուստամյանը՝ ԱՄՆ-ում գրանցված միջադեպի մասին

Բնականաբար, դա ուղղորդված էր. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդադառնալով ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին:

Նշենք, որ լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում ԱՄՆ-ում հայերի հետ հանդիպման ժամանակ դաշնակցական Արմեն Ռուստամյանին հարցնում են` «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները քաղբանտարկյա՞լ են, թե՞ ոչ: Ռուստամյանը բացատրում է, որ քաղբանտարկյալ կոչվելու չափորոշիչներ կան, ինչից հետո ներկաներից մեկը վիրավորում է նրան:

Ռուստամյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում պատասխանել է տասնյակ կարևոր հարցերի: «Ես այնտեղ պատասխանել եմ տասնյակ ամենասուր հարցերի, բայց կային մարդիկ, ովքեր հատուկ եկել էին` ինչ-որ սկանդալ սարքելու, որովհետև դա էր պետք: Դա էլ երևաց, ինչ-որ պետք էր իրենց, ստացան»,- ասաց նա:

Արձագանքելով դիտարկմանը՝ ինչով է պայմանավորված նրա` այդ աստիճանի հանգիստ արձագանքը միջադեպին, պատգամավորն ասաց. «Իմ հայրենակիցների հետ ես միշտ ինձ զուսպ եմ դրսևորում: Կրքեր բորբոքելով, գոռգոռալ-ճվճվալով` որևէ բանի չես հասնի»:

ՀՅԴ-ականի խոսքով՝ էլի են եղել դեպքեր, երբ ինչ-որ մարդիկ փորձել են խափանել տարբեր հանդիպումներ: Հարցին` ո՞ր ուժերի, ո՞ր շրջանակների կողմից է ուղղորդում եղել, պատասխանեց. «Ինձ շատ չի հետաքրքում՝ ում կողմից էր»:

Նա նշեց նաև, որ դժգոհություններ լինում են, սակայն այդպիսի ծայրահեղ դրսևորումներն արդարացված չեն: «Այդքան հիասթափված իշխանությունից, այդքան ռադիկալ լինել պետք չէ: Իհարկե, կա բնական դժգոհություն, որ մենք ինքներս էլ ընդունում ենք: Իմ այցի իմաստն էլ այդ էր, որ այս նոր իրավիճակը ներկայացվի: Մեր այդ տեղի հայկական համայնքը կապված է Հայաստանի հետ և ուղղակի առնչված բոլոր իրադարձությունների մասով: Այստեղ տեղի ունեցող դեպքերից մի երկու րոպե հետո նրանք տեղյակ են լինում, և կարելի է ասել` այնտեղ մի փոքր Հայաստան է, և իմ հիմնական նպատակն այն է, որ, այդ համայնքի հետ բաց խոսելով, բոլոր մեր տեսակետներն ու մոտեցումները ներկայացնենք: Իսկ մի խումբ էլ եկել էր, որպեսզի ձախողեր, բայց չհաջողվեց»,- ասաց Ռուստամյանը:

Պատգամավորը նշեց նաև, որ այդ պահին չէր էլ լսել՝ ինչ են ասում բղավողները: «Այնտեղ այնքան էին գոռում, որ չհասկացվեց՝ ինչ են ասում: Ինչ-որ մի խումբ աղմկում էր: Էդ հետո եմ իմացել, որ մեկն իրեն այդպիսի բաներ է թույլ տվել: Պարզապես փորձ արեցին ձախողել, բայց այդպիսի փորձերը մեզ մոտ չեն հաջողվում»,- եզրափակեց Ռուստամյանը:

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481