Բնակիչը ծանոթ չէ դրական արդյունքներին. Արմենուհի Կյուրեղյան

Աժ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ելույթում նշեց, որ համայնքների ապակենտրոնացումը նշանակում է, որ ՏԻ մարմիններին լրացուցիչ լիազորություններ են տրամադրվում:

Նրա խոսքով՝ առաջարկվող` համայնքների խոշորացման նախագծի արդյունքում կունենանք ֆինանսնական միջոցների, ինչպես նաև պետական համահարթեցմամբ տրամադրված միջոցների մեկտեղում մեկ բյուջեի մեջ, ինչը հնարավորություն կտա այդ գումարը ներդնել որոշակի դրամաշնորհային ծրագրերի, ներդրումների իրականացման համար:

«Այսօր կառավարության կայքում ունենք արդեն խոշորացված համայնքների գործունեության, իրականացված ծրագրերի հաշվետվություն, որոնց ծանոթանալիս տեսնում ենք, որ այդ համայնքներում գործում է էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս բնակչին ավելի էֆեկտիվ մասնակցել իր համայնքի որոշումների կայացման գործընթացին, ունենք բյուջեի ավելացում, մյուս կողմից` ունենք բնակիչների դժգոհությունը»,- ասաց պատգամավորը:

Կյուրեղյանի խոսքով` այդ դժգոհությունը գալիս է նրանից, որ բնակիչները տեղեկացված չեն դրական փոփոխությունների մասին: Ըստ նրա` իրատեսական չէ, թե որևէ բնակիչ մտնելու է նախարարության կայք, որ տեղեկանա դրական արդյունքների մասին: «Այսինքն` բնակիչը ծանոթ չէ արդյունքներին, այլ ծանոթ է միայն իր համայնքապետի ու նրա օգնականի դժգոհություններին»,- ասաց պատգամավորը, ապա շեշտեց, որ գործ կա անելու, որպեսզի բնակիչները լիովին տեղյակ լինեն դրական արդյունքներին:

«Նրանք տեղյակ չեն, որ իրենցից հավաքած հարկերը ծառայում են ընդամենը 5 հոգու աշխատավարձ տալուն, այդ մարդկանց պետք է բացատրել, որ գուցե այս ծրագիրը 5-6 հոգու աշխատատեղ կկրճատի, բայց իր հետ կբերի ծրագրեր, որոնցում կներառվեն 15-20 համագյուղացիներ»,- նշեց Կյուրեղյանը:

Պատգամավորի կարծիքով՝ պետք է ավելի շատ տեղեկություններ տալ բնակիչներին, պետք է հաշվի առնել նաև այն փաստարկը, որ համայնքների խոշորացման արդյունքները տեսնելը երկարատև գործընթաց է պահանջում, իսկ բնակիչները ցանկանում են այդ արդյունքները տեսնել անմիջապես: «Այս գործընթացը պետք է լինի արդյունավետ, բայց պետք է բնակիչը մասնակցի իր կյանքի համար կայացվող կարևոր որոշումներին»,- ամփոփեց նա:

Մեկնաբանել

Հասցե` Հանրապետության 30 Էլ. հասցե ` qven-uje@mail.ru Հեռախոս` ( 374) 10 585481